ԱրցախԽմբագրից

Այսօր Արցախի անկախության օրն է

Այսօր Արցախի Անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: 1991 թվականիր դեկտեմբերի 10-ին արդեն Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները արձանագրեցին անկախ երկիր ունենալու մասին բնակչության վճռականությունը։ Դրան հետևած ընտրություններում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:

Արցախը այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Արցախցիները 32 արի միայն հնարավորություն ունեցան իրենց հողի վրա տոնել Արցախի անկախությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից, անուհետև 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախը հայաթափվեց։

Սեպտեմբերի 2-ը, սակայն, շարունակում է մնալ ոչ միայն կարևոր օր ու պատմություն, այլև մշակութային ու հոգևոր խորհրդանիշ։ Այն հիշեցնում է պայքարի շարունակականությունը՝ անգամ այն ժամանակ, երբ հայրենի հողը հեռու է թվում։

Անկախության օրը հիշեցնում է նաև այն կարևոր դասը, որ ինքնորոշման ու ազատության համար պայքարը երբեք չի կարող դադարել, անգամ այն դեպքում, երբ մարտահրավերները թվում են անանցանելի։ Արցախը այսօր ապրում է ոչ միայն իր պատմության, այլև իր մարդկանց՝ նրանց ոգու և հիշողության շնորհիվ, որոնք շարունակում են պահել հայրենիք վերադառնալու մասին հույսը։