ԿրթությունՀայաստան

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներում 2025–2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկում է հունիսի 9-ից։ Այն կանցկացվի երեք փուլով՝ hayt.emis.am և haytru.emis.am կայքերի միջոցով՝ կախված ընտրված ուսուցման լեզվից։

Առաջին փուլը նախատեսված է արտոնյալ խմբերի համար և կտևի հունիսի 9-22-ը ներառյալ։ Այս փուլում կարող են հայտագրվել այն երեխաները, որոնց քույրերը կամ եղբայրները սովորում են նույն դպրոցում, որոնց ծնողները աշխատում են այդ դպրոցում կամ պետական համակարգում և ծառայողական անհրաժեշտությամբ տեղափոխվել են այլ բնակավայր։ Բացի այդ առանց ժամկետային սահմանափակումների կարող են հայտագրվել խնամակալության տակ գտնվող երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները կամ այն երեխաները, որոնց ծնողներն ունեն հաշմանդամություն կամ ընտանիքը ընդգրկված է անապահովության գնահատման համակարգում։ Նման դեպքերում ծնողը դիմում է ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր՝ ըստ գործող կարգի։

Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 24-ից և նախատեսված է բոլոր ծնողների համար՝ անկախ արտոնություններից։ Այս փուլում համակարգում կբացվի հայերենով ուսուցմամբ բոլոր հանրակրթական դպրոցների ընդունելությունը։ Հայտագրվել կարող են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք կամ այն ընտանիքները, որոնց ծնողներից մեկը ազգային փոքրամասնություն ներկայացնող Հայաստանի քաղաքացի է։

Երրորդ փուլը կանցկացվի հուլիսի 1-ից և նախատեսված է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար։ Այս փուլով երեխաներին հնարավոր կլինի ընդգրկել ռուսական հոսքերի դպրոցներում՝ եթե ծնողներից մեկը օտարերկրյա է, քաղաքացիություն չունեցող է կամ ազգային փոքրամասնություն ներկայացնող Հայաստանի քաղաքացի է։

Հատուկ կարգավորում է սահմանված բազմազավակ ընտանիքների համար։ Եթե ընտանիքում կան երկյակներ կամ եռյակներ, ապա դրանցից մեկի ընդունվելը դպրոց երաշխավորում է նաև մյուսների ընդգրկումը նույն հաստատություն՝ անկախ առկա տեղերի քանակից։

Հայտագրման գործընթացը չի ավարտվում հուլիսին․ այն հասանելի կլինի նաև ուսումնական տարվա ընթացքում՝ նախատեսված բացառիկ դեպքերի համար։

Սեդա Մարտոյան