ԿրթությունՀայաստան

Մեկնարկում է առաջին դասարանցիների ընդունելության հիմնական փուլը

Հունիսի 24-ից մեկնարկում է առաջին դասարանցիների ընդունելության հիմնական փուլը։ ՀՀ պետական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կանցկացվի առցանց՝ hayt.emis.am կայքի միջոցով։

Առաջին հերթին կարևոր է հիշել, որ այս փուլը վերաբերում է միայն հայերենով ուսուցման դասարաններին։ Ռուսերեն հոսքի համար նախատեսված haytru.emis.am կայքը այս փուլում չի գործելու։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համակարգը կարող է ծանրաբեռնված լինել։

Չնայած հայտագրվող երեխաների թիվը միջինում կազմում է 15,000, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ գրանցման մեկնարկին համակարգը միաժամանակ ստանում է ավելի քան 45,000 հարցում։ Սա հաճախ պայմանավորված է նրանով, որ ծնողները փորձում են երեխային գրանցել միաժամանակ մի քանի սարքերից՝ համարելով, թե այդ կերպ կբարձրացնեն հաջողելու հավանականությունը։ Իրականում այդպես համակարգն ավելի է ծանրաբեռնվում, ինչի հետևանքով շատ հաճախ գրանցումն ընդհատվում է կամ հնարավոր չի լինում ավարտել։

Հաջող գրանցման համար կարևոր է նախապես ստուգել երեխայի և ծնողի անձնական տվյալների համապատասխանությունը։ Այս ստուգումն իրականացվում է stugum.emis.am կայքում։ Եթե տվյալները չեն համապատասխանում կամ սխալ են լրացված, համակարգը պարզապես թույլ չի տա անցնել հայտագրման փուլին։

Քանի որ տվյալների ստուգումը ժամանակատար գործընթաց է, խորհուրդ է տրվում այն կատարել մինչև հունիսի 24-ը, այլապես գրանցման օրը կարող է հայտը ձևակերպել չհաջողվի, հատկապես՝ մեծ պահանջարկ ունեցող դպրոցներում։

Սեդա Մարտոյան