
Գրքի երևանյան միջազգային փառատոնը 2025 թվականին կանցկացվի նաև Սյունիքի և Շիրակի մարզերում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ 2025 թվականին Գրքի երևանյան միջազգային փառատոնը դուրս է գալիս մայրաքաղաքի սահմաններից։ Այն կանցկացվի նաև Սյունիքի և Շիրակի մարզերում։ Այս մասին որոշում է ընդունվել այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
Հիմնավորման մեջ նշում է, որ մարզերում գրական միջոցառումների կազմակերպումը կնպաստի մշակութային ապակենտրոնացմանը, գրականության հասանելիության ապահովմանը և տեղական ստեղծագործողների գործունեության խթանմանը։
Փառատոնի հաջող և պատշաճ կազմակերպման նպատակով նախատեսվել է 19,1 միլիոն դրամի հատկացում, որից 9,1 միլիոն դրամը իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեից վերահատկացմամբ։
Մյուս կողմից՝ որոշվել է նվազեցնել ծախսերը երկու այլ միջոցառումների շրջանակում։ Մասնավորապես՝ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառումից կբացառվեն որոշ նախապես նախատեսված թարգմանություններ։ Բյուջեից դուրս չեն մնա արդեն ընթացող նախագծերը, այդ թվում՝ չինարենից հայերեն հինգ գրքի թարգմանության նախաձեռնությունը։
Նման փոփոխություններ են արվել նաև «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրի շրջանակում։ Ազգային փոքրամասնությունների համար լույս տեսնող մամուլի թիվն ավելացվել է, իսկ գրական և մշակութային պարբերականների թիվը՝ նվազեցվել։
Հարկ է նշել, որ 2017 թվականից ի վեր փառատոնը կազմակերպվել է միայն Երևանում։