
2019 թվականին ծնված երեխաները այս տարի կդառնան դպրոցական
Հունիսի 24-ից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը ՀՀ պետական դպրոցներում։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ գործընթացը կատարվում է hayt.emis.am հարթակի միջոցով՝ վերաբերվելով հայերենով ուսուցում իրականացնող բոլոր հանրակրթական դպրոցներին։
Այս տարի առաջին դասարան կհաճախեն այն երեխաները, ովքեր ծնվել են 2019 թվականին։ Հունիսի 24-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, արդեն հայտագրվել է ավելի քան 8900 երեխա։ Նախորդ փուլում ևս հայտագրվել էին մոտ 10 հազար երեխա, ովքեր ունեն դպրոցում սովորող եղբայր կամ քույր, կամ որոնց ծնողները տվյալ դպրոցում աշխատողներ են։ Ընդհանուր առմամբ՝ արդեն հայտագրվել է շուրջ 18 900 երեխա։
Հուլիսի 1-ից կսկսվի հայտագրման երրորդ փուլը՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ haytru.emis.am կայքի միջոցով։ Այս փուլը նախատեսված է այն ընտանիքների համար, որտեղ առնվազն մեկ ծնողը օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, կամ ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի։
Հայտագրման համակարգերը բաց կլինեն մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը։ Նշենք, որ այսուհետ առաջին դասարան կարող են հաճախել այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Միաժամանակ ուժի մեջ է մտել ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը, որը վերափոխում է դպրոցներում ընդունելության կարգը։ Այժմ ծնողի դիմումով և համապատասխան մանկավարժահոգեբանական գնահատմամբ՝ որոշ երեխաներ կարող են սովորել իրենց տարիքայինից ցածր դասարաններում։ Այս դեպքում հայտագրման գործընթացը կատարվում է դպրոցի տնօրենի միջոցով՝ ոչ էլեկտրոնային եղանակով։
Նոր կարգով հստակեցվել են նաև դպրոցից դպրոց տեղափոխության ժամկետներն ու պայմանները։ Դրանք հնարավոր են մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ բնակության վայրի կամ երկրի փոփոխության դեպքերի։ Սոցիալապես անապահով ընտանիքների և առաջնահերթություն ունեցող շահառուների վերաբերյալ պահանջվող փաստաթղթերի ներկայացման և ստուգման կարգն էլ դարձել է ավելի հստակ։