ԿրթությունՀայաստան

Հայ աշակերտները հաջողությամբ են հանդես եկել Քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 5-ից 14-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը գրանցել է նշանակալի արդյունք՝ նվաճելով արծաթե մեդալ և երեք գովասանագիր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։

Գովասանագրեր են ստացել «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի վերոնշյալ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։

Հայաստանի թիմը մասնակցել է թե՛ տեսական, թե՛ գործնական փուլերին։ Ղեկավարները եղել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արտյոմ Պետրոսյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանող)։

Մրցույթին մասնակցել է 90 երկիր, ներկայացված է եղել 355 աշակերտ։ Յուրաքանչյուր երկիր հնարավորություն է ունեցել մասնակցելու առավելագույնը չորս աշակերտով։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի թիմը նույն օլիմպիադայից վերադարձել էր չորս բրոնզե մեդալով։