
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
Հուլիսի 17-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են 2025–2026 ուստարվայի բակալավրի կրթական ծրագրերով բուհերի ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները։
Նիստի ընթացքում ներկայացվել է, որ այս տարվա ընդունելության քննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին։ Դիմորդները, ինչպես նախորդ տարիներին, հնարավորություն են ունեցել քննություններ հանձնել երեք փուլով. առաջին փուլը՝ հունվարին, երկրորդը և երրորդը՝ հունիսին և հուլիսին։
Ըստ ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների՝ այս տարի ՀՀ կառավարության կողմից բուհերում բակալավրիատի ընդունելության նպատակով հատկացվել է 12126 տեղ։ Դրանցից 2142-ը անվճար են, իսկ 9984-ը՝ վճարովի։ Դիմորդներից 9547-ը ընդունվել են վճարովի համակարգ, իսկ 1898-ը՝ անվճար։
Նիստում անդրադարձ է եղել նաև մի շարք կարևոր խնդիրների։
Քննարկվել է թափուր մնացած տեղերի մրցույթի կազմակերպման հարցը։ Անդրադարձ է եղել նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված նպատակային տեղերին։ Որոշվել է այդ տեղերը հատկացնել այն դիմորդներին, ովքեր հաղթահարել են քննությունների առավելագույն միավորի 75 տոկոսը՝ առնվազն 30 միավոր։ Նման պահանջը բավարարած դիմորդների թիվը 11 է, որոնցից հինգը՝ աղջիկներ։
Հայտնի է դարձել նաև, որ 114 դիմորդ մասնակցել է միասնական քննություններին, սակայն չի հայտագրել բուհ և մասնագիտություն։ Ըստ որոշման՝ այդ դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլին՝ այն դիմորդների հետ, որոնք հիմնական փուլում չընդունվեցին։ Նրանց կհատկացվի մրցույթին մասնակցելու երկրորդ հնարավորություն՝ եթե մնան թափուր տեղեր։