
Հայաստանում մարզիչ-մանկավարժները կվերապատրաստվեն
2023 թվականից Հայաստանում մարզիչ-մանկավարժները կամավոր ատեստավորում են կարողանում հանձնել։ Նախորդ 2 տարիներին 272 մարզիչ-մանկավարժ է ատեստավորման մասնակցել։ Նրանցից շեմը հաղթահարել են 55-ը։ ԿԳՄՍ-ն ցանկանում է վերապատրաստման ծրագիր ներդնել մարզիչ-մանկավարժների համար։
Ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ, մանկավարժ Վարդան Գեղամյանը 2 տարի անընդմեջ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, եղել այն եզակի մարզիչներից մեկը, ով հաղթահարել է դրական շեմը։ Ըստ նրա՝ 2023 թվականի ատեստավորումը բավականին բարդ էր բոլորի համար։ Նշում է, որ անցած տարի իրենց բողոքարկումների, դիմումների, առաջարկների հիման վրա ատեստավորման թեստերը ավելի մատչելի են դարձել։
Մարզիչների շուրջ 80 տոկոսը նախորդ տարիներին չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այս ցուցանիշը, ըստ փոխնախարարի, այդքան էլ գոհացուցիչ չէ, և որպեսզի կամավոր ատեստավորման դրական շեմը հաղթահարած մարզիչների թիվն ավելանա, որոշում է կայացվել իրականացնել վերապատրաստման ծրագիր։ Նախատեսել են վերապատրաստումն իրականացնել միջազգային մասնագետների օգնությամբ` դրսի փորձի հիման վրա։ Վերապատրաստման ծրագրով արտերկրից կհրավիրվեն բարձրակարգ մասնագետներ, և հայ մարզիչները հնարավորություն կունենան ծանոթանալ սպորտային ժամանակակից մեթոդաբանություններին, վերանայել սեփական աշխատանքային մոտեցումներն ու բարձրացնել մարզչական որակավորումը։
Վերապատրաստման ծրագրի համար գրանցման փուլը նախարարությունը կմեկնարկի շուտով` 2100 մարզիչ մանկավարժներից 1-ին փուլով կվերապատրաստվեն 182-ը։ Ծրագիրը կլինի շարունակական` ավելի մեծ թվով մասնագետների ներգրավելու համար։