
Նոր հաջողություններ՝ ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում․ հայ դպրոցականներն արժանացել են բրոնզե մեդալների
Հայաստանի դպրոցականները կրկին ցուցաբերել են բարձր արդյունքներ միջազգային հարթակում։ Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայի ընթացքում հայաստանցի երկու աշակերտ՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանցիներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը վերադարձել են բրոնզե մեդալներով։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցած մեր երկրի ներկայացուցիչներից Դավիթ Հայրապետյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան) և Էմիլ Հարությունյանը (ՀԱՊՀ ավագ դպրոց, 11-րդ դասարան) ստացել են գովասանագրեր։
Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 17-25-ը, ներառել է տեսական և փորձնական փուլեր, և իր մասնակիցների պատրաստվածության աստիճանով աչքի է ընկել մեծ մրցակցությամբ։
Հայաստանի հնգամյա թիմի կազմում էր նաև Սմբատ Պողոսյանը՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանցի։ Թիմը ղեկավարել են նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցիչներ՝ Բիլոր Կուրղինյանը և Մեխակ Հայրապետյանը, իսկ որպես դիտորդ հանդես է եկել Հովսեփ Կարապետյանը՝ ՀԱՊՀ ավագ դպրոցի և ֆիզմաթի ֆիզիկայի խմբակավար։
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ 54-րդ օլիմպիադայում, որը անցկացվել էր Իրանի Իսֆահան քաղաքում, Հայաստանի թիմը նվաճել էր 3 բրոնզե մեդալ և ստացել 2 գովասանագիր։