
Հայաստանի մասնակիցը արծաթե մեդալ է նվաճել աշխարհագրության միջազգային օլիմպիադայում
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալ է նվաճել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված աշխարհագրության 21-րդ միջազգային օլիմպիադայում։
Մրցույթը տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը՝ մեկտեղելով 47 երկրների 179 աշակերտի։ Յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել չորս աշակերտ։ Հայաստանը ներկայացրել են Սաթի Հայրապետյանը, Նարե Պողոսյանը և Հայկ Անտոնյանը՝ «Քվանտ» վարժարանից, ինչպես նաև Վահագն Ալոյանը՝ «Այբ» դպրոցից։
Թիմի ղեկավարներն են եղել Վարդան Ասատրյանը («Քվանտ» վարժարան, ՀՀ ԳԱԱ) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ)։
Օլիմպիադան բաղկացած է եղել երեք փուլից՝ տեսական առաջադրանքներ, դաշտային աշխատանքներ և մուլտիմեդիա մրցույթ։ Սաթի Հայրապետյանը հաջողությամբ անցել է բոլոր փուլերը և արժանացել է արծաթե մեդալի։