
Թափուր տեղեր Հայաստանի բուհերում. ինչո՞ւ որոշ մասնագիտություններ չեն հետաքրքրում ուսանողներին
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում այս տարի կրկին նկատվում է ուսանողների կողմից որոշ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության անկում, ինչի արդյունքում թափուր են մնացել ինչպես վճարովի, այնպես էլ անվճար տեղեր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի ընդունելությունների արդյունքում բուհերում ընդհանուր առմամբ թափուր է մնացել 2355 տեղ՝ որոնցից 1867-ը պետական, իսկ 487-ը՝ ոչ պետական բուհերում։
Որոշ բուհերում, հատկապես Երևանի պետական համալսարանում, որոշ մասնագիտություններ՝ «Ֆիզիկա» և «Ֆարմացիա», գրեթե չեն գրավել ուսանողների հետաքրքրությունը։ Մասնավորապես, Հայաստանի ագրարային համալսարանում թափուր են մնացել 85 անվճար և 226 վճարովի տեղեր, ինչը ցուցիչ է այն մասին, որ, չնայած կրթաթոշակների առկայությանը, այդ ոլորտների նկատմամբ հետաքրքրությունը ցածր է։ Նույն իրավիճակն է նաև Երևանի պետական բժշկական համալսարանի «Ֆարմացիա» մասնագիտության դեպքում։ Սա կարող է նշանակել, որ մի քանի տարի հետո դեղագործության ոլորտում մասնագետների ճգնաժամ է սկսվելու։
Կրթության ոլորտի փորձագետների գնահատմամբ, ուսանողների ցածր հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է շուկայում արագ աշխատանքի հնարավորությամբ։ Նորաձև են դարձել տարբեր եռամսյա և կարճաժամկետ դասընթացները, որոնք թույլ են տալիս արագ մտնել ցանկացած ոլորտում և ստանալ աշխատանքի հնարավորություններ, ինչը շատ երիտասարդների համար ավելի գրավիչ է, քան երկարաժամկետ և ավելի ծախսատար բուհական կրթությունը։
Բացի սա, փորձագետները խնդիր են տեսնում նաև կրթական համակարգում՝ նշելով, որ որոշ մասնագիտությունների ներկայացումը ուսանողներին պատշաճ չի իրականացվում, իսկ ուսուցման ձևերը հաճախ հնացած են և պահանջում են նոր մոտեցումներ ու արդիականացում։ Շատ դեպքերում ուսանողները չեն կարողանում գնահատել որոշ ոլորտների նշանակությունը և աշխատանքային հեռանկարները, ինչը ևս նպաստում է որոշ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության անկմանը։
Այս իրավիճակը պահանջում է համալիր մոտեցում. անհրաժեշտ է բարելավել տեղեկատվական աշխատանքը, ներկայացնել տարբեր մասնագիտությունների առավելությունները և հնարավորությունները, ինչպես նաև թարմացնել ուսուցման մեթոդները, որպեսզի ուսանողներն ավելի իրազեկ լինեն իրենց ընտրության հետևանքների և շուկայում պահանջված մասնագիտությունների մասին։
Այս թեմայի շուրջ հետաքրքիր կլիներ նաև լսել բուհերի ղեկավարների և դեկանների կարծիքները՝ կապված թափուր տեղերի պատճառների և լուծման հնարավոր ուղիների հետ։