
Բարձր և ցածր արդյունք ցուցաբերած դպրոցները կստանան հավելյալ ֆինանսավորում
Կառավարությունը հաստատեց նոր կարգ, որով Հայաստանում բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցները կստանան լրացուցիչ ֆինանսավորում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է խրախուսել բարձր արդյունք ցուցաբերած դպրոցներին և աջակցել ցածր արդյունք գրանցածներին։ Ծրագիրը կմեկնարկի 2026-ի հունիսի 30-ին։
Բարձր կատարողական ունեցող ուսումնական հաստատությունները մրցութային հիմունքներով կարող են ստանալ տարեկան մինչև 10 միլիոն դրամ, որը կուղղվի ընթացիկ ծախսերին։ Դպրոցների ընտրության ժամանակ հաշվի կառնվի, օրինակ, ուսուցիչների կամավոր ատեստավորման մասնակցության մակարդակը, տարակարգ ունեցող ուսուցիչների քանակը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների և դրանց հանրապետական փուլի մասնակցության արդյունքները։ Ֆինանսավորումը կտրվի երեք տարով։
Անդրեասյանի խոսքով ամեն տարի հոկտեմբերին տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր դպրոցի մասին տեղեկատվության հիման վրա ձևավորվելու է ինքնաշխատ հաշվետվություն, առանձնացվելու են ամենացածր արդյունք գրանցած հաստատությունները։ Դրանից հետո ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ հաստատություններում իրականացնելու է սովորողների առաջադիմության և գիտելիքների ստուգման գործընթաց։
Այս երկու արդյունքներով ամեն տարի կընտրվի 30 հաստատություն, որոնց կցվելու են մենթոր դպրոցներ, որոնք կաջակցեն նրանց։ Բացի այդ՝ կկազմվի տվյալ դպրոցի բարելավման ծրագիր` երկու տարի տևողությամբ և այս ընթացքում լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար` տարեկան բյուջեի 5 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել 5 մլն դրամից։
Երկու տարվա ընթացքում արդյունքների բացակայության դեպքում կքննարկվի դպրոցի ղեկավարության պաշտոնավարման հարցը։ Նախարարը նշեց, որ Հայաստանում կան դպրոցներ, որտեղից ոչ մի աշակերտ չի դիմել բուհ։