
Փարաքարում բացվել է Ստեղծարար Տեխնոլոգիաների նոր քոլեջ
Արմավիրի մարզի Փարաքար գյուղում պաշտոնապես բացվել է Ստեղծարար Տեխնոլոգիաների նոր քոլեջ, որը միավորում է տեխնոլոգիաները, արվեստը և ինժեներությունը մեկ հարթակում։
Քոլեջը առաջարկում է երեք հիմնական կրթական ուղղություններ. համակարգչային գիտություններ, թվային արվեստ և ինժեներություն ու արտադրություն։
Հաստատությունում առաջիկայում կստեղծվի Apple կրթական ակադեմիա, որտեղ ուսանողները կաշխատեն ժամանակակից Apple սարքավորումներով։ Բացի այդ, հաստատությունն արդեն համագործակցում է Կոլումբիայի համալսարանի հետ, և լավագույն ուսանողները հնարավորություն կունենան անվճար ուսուցում անցնել արտերկրում։
Նոր քոլեջը Հայաստանում դիտարկվում է որպես ապագայի կրթության կարևոր հենասյուն, որը կբացի նոր հնարավորություններ ուսանողների համար տեխնոլոգիական և ստեղծարար ոլորտներում։
Այստեղ կդասավանդեն բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների մասնագետները։ Քոլեջի դիմորդների թիվը գերազանցել է 350-ը:
Քոլեջը գործում է «Գյումրու ՏՏ Կենտրոն» հիմնադրամի կառավարման ներքո, կյանքի է կոչվել Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ և բարերարների աջակցությամբ։