
Արցախից բռնի տեղահանված 240 ուսանողներ կստանան կրթաթոշակ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 240 ուսանողներ այս տարի չեն կանգնի ուսման վարձի խնդրի առաջ․ նրանք կրթաթոշակ կստանան, որը կփոխհատուցի ուսման վարձը։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ այս քաղաքականությունը սկսվել է դեռ նախորդ տարի, երբ առաջին կուրս ընդունված արցախցի ուսանողներին տրամադրվեց նման աջակցություն։ Այս տարի ևս ծրագիրը շարունակվելու է։ Ավելին՝ կրթաթոշակ տրամադրվելու է ուսումնառության ողջ ընթացքում, սակայն պայմանով, որ ուսանողները ունենան պատշաճ առաջադիմություն։
Բացի դրանից, կրթաթոշակ կստանան նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերում սովորողները, հատկապես նրանք, ովքեր ընտրել են պետության համար առաջնահերթ համարվող 15 մասնագիտություններից որևէ մեկը։ Անդրեասյանը նշեց, որ այս մոտեցումն արդեն արդյունք է տալիս․ եթե առաջին տարում քոլեջներ ընդունվել էր ընդամենը 445 դիմորդ, ապա այս տարի առաջին փուլում ընդունվածների թիվը հասել է 825-ի։
Նախարարը նաև կարևորեց բուհերի թափուր տեղերի նվազումը։ Եթե անցած տարի բուհերում թափուր էր մնացել ավելի քան 6 հազար տեղ, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է գրեթե հինգ անգամ՝ դառնալով 1174։ Նրանցից ընդամենը 219-ն են անվճար կամ պետպատվերով տեղեր։