
Հայաստանի կառավարությունը դրամական խրախուսում է սահմանել միջազգային փառատոններում մրցանակներ շահած մշակույթի գործիչների համար
Հայաստանի կառավարությունը հաստատել է կարգ, ըստ որի մշակույթի ոլորտի այն գործիչները, ովքեր որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոների կամ մրցանակաբաշխությունների և արժանացել մրցանակների, կստանան դրամական պարգև։ Խրախուսման չափը սահմանված է սպորտի ոլորտում Օլիմպիական մրցանակների չափերին համահունչ՝ ամսական 660 հազար դրամ։
Դրամական խրախուսումը կտրվի մեկ տարվա ընթացքում ամսական վճարումների տեսքով։ Միևնույն անձի մի քանի մրցանակների դեպքում գումարը կտրամադրվի յուրաքանչյուրի համար, խմբային հաջողության դեպքում գումարի չափը բաշխվում է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվում է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է դրամական խրախուսման բաշխումը
Միջազգային հեղինակավոր փառատոների և մրցույթների ցանկը հաստատվում է ոլորտային միջազգային կազմակերպությունների կողմից, և այն պետք է ունենա միջազգային ձևաչափ, պարբերական անցկացում, միջազգային ժյուրի և պետական աջակցություն։
Այս կարգը միտված է խրախուսելու հայ մշակույթի գործիչներին, բարձրացնելու նրանց աշխատանքի ճանաչելիությունը, պահպանելու ազգային մշակութային արժեքները և խթանելու ժամանակակից արվեստի զարգացումը, ինչպես նաև նպաստելու հայ մշակույթի հանրահռչակմանը արտերկրում։
Չնայած սկզբունքորեն սա կարող է խթանել հայ մշակույթի հեղինակությունը և ստեղծագործողների աշխատանքի ճանաչելիությունը և որգևորել ոլորտում աշխատողներին, այնուամենայնիվ՝ հարց է առաջանում՝ արդյոք այս մեխանիզմը բավարար և արդյունավետ կլինի մշակույթի ամբողջ ոլորտի համար։ Խրախուսումն սահմանվում է միայն միջազգային մրցանակների դեպքում, իսկ տեղական ձեռքբերումներն ու խմբային աշխատանքների մի մասը կարող են անտեսվել, ինչը կարող է ստեղծել անհավասարության տպավորություն։