
Հայաստանում առաջին անգամ ներկայացվել է երիտասարդների կարողության բացահայտման օրենքի նախագիծ
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց «Երիտասարդական քաղաքականության» մասին օրենքի նախագիծը։
Երիտասարդներին ուղղված քաղաքականության հիմքում երիտասարդների զարգացման և ինքնաիրացման նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է։ Սրան են ուղղված նաև բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների և տնտեսության այլ ոլորտներում։
Մինչ այս Հայաստանում նմանօրինակ օրենսդրություն չի եղել։ «Երիտասարդական քաղաքականության» մասին օրենքի նախագիծը կներկայացնի երիտասարդական քաղաքականությունը, դրա թիրախները, նպատակները, ինստիտուցիոնալ գործիքակազմը, շահառուներին։
Օրենքը սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները։ Այս քաղաքականությունը սահմանվում է որպես Կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ։ Այն միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը։ Օրենքով նաև հաստատվել են երիտասարդական քաղաքականության իրականացման լիազորությունները՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։
Քաղաքականության նպատակն է ՝ ստեղծարար, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդների ձևավորումը, — նշել է ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Օրենքի առկայությունը կաջակցի կառավարության ծրագրով նախատեսված երիտասարդական կենտրոնների ձևավորմանը։ Կենտրոններ գործում են Ապարանում, Դիլիջանում, Իջևանում, Վանաձորում և Մեղրիում։ Եվս 4 կենտրոններ կբացվեն տարբեր մարզերում։ Հաջորդ տարվա բյուջետային ծրագրով ամրագրված է 6 կենտոններ։ Այս կենտրոնները հասցեագրում են նաև ոչ մի տեղ չաշխատող և չսովորող երիտասարդներին։ Տարիքային շեմը առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը։
Օրենքը վերամշակվել է։ Ավելի քան 3 տասնյակ քննարկումներ են եղել Երևանում և մարզերում։ երիտասարդների մասնակցությամբ։