ԿրթությունՀայաստան

Ո՞ր համալսարանն ավարտած ուսանողները կկարողանան Հայաստանում ազատվել պարտադիր զինծառայությունից

Շանհայի վարկանշավորման ցանկի առաջին հիսուն տեղը զբաղեցրած համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները ուսումն ավարտելուց հետո կազատվեն Հայաստանում պարտադիր ծառայությունից։ Գլխավոր պայմաններից մեկն այն է, որ նրանք առնվազն երեք տարի պետք է աշխատեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է խթանել աշխարհի հեղինակավոր բուհերում կրթություն ստացած քաղաքացիների վերադարձը և նրանց մասնագիտական ներուժի ներգրավումը երկրի զարգացման գործընթացներում։

Անդրեասյանը նշել է, որ ուսումն ավարտած 57 երիտասարդների շրջանում իրականացված ուսումնասիրության համաձայն՝ վերադարձից հետո միայն մեկն է ծառայել բանակում, չորսը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12-ը գտնվում են հետախուզման մեջ, իսկ 40 քաղաքացի զինծառայություն չի անցել այլ հիմքերով։

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ մտահոգություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով զինծառայության ոլորտում սոցիալական անհավասարության խնդիրը։ Նրա խոսքով՝ օտարերկրյա բուհեր մեկնողների մեծ մասը տղաներ են, իսկ ուսման և կեցության տարեկան ծախսերը կարող են կազմել 80–100 հազար դոլար։

Հիշեցնենք, որ գործող օրենքի համաձայն՝ Շանհայի վարկանշավորման ցանկի առաջին հիսուն համալսարաններ ընդունված քաղաքացիները ստանում են պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք։ 2018 թվականից մինչ այժմ նման հնարավորություն է ստացել շուրջ 650 քաղաքացի, որոնցից 570-ը դեռ շարունակում են ուսումը։