ԿրթությունՀայաստան

Սյունիքի մարզում բքի և առատ ձյան պատճառով աշակերտները չեն կարողացել մասնակցել քննությանը

Փակ ճանապարհների և ձնաբքի պատճառով Գորիսի քննական կենտրոն չհասած և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը բաց թողած սիսիանցի դիմորդների համար կկազմակերպվի նոր քննություն։

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գործող քննական կենտրոնում գրանցված է եղել 158 դիմորդ, որոնցից քննությանը ներկայացել են 118-ը, իսկ 40 դիմորդ բացակայել է։ Նրանց չներկայանալու պատճառները ուսումնասիրվում են առանձին, և նոր քննությանը մասնակցելու հնարավորություն կստանան միայն այն դիմորդները, որոնք բքի և ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել հասնել Գորիս։

Նոր քննությունը կանցկացվի փետրվարի վերջին, որպեսզի իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով բացակայած դիմորդները ևս կարողանան օգտվել միասնական քննությունը երկու անգամ հանձնելու հնարավորությունից։ Այս մասին հայնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։ Քննությունը կանցկացվի նոր, սակայն բովանդակությամբ համանման և համարժեք թեստերով, քանի որ նախորդ քննությունից հետո թեստերն ու ճիշտ պատասխանները հրապարակվել են և չեն կարող կրկնակի կիրառվել։