Մինչև տասնամյակի ավարտը ՀՀ դպրոցների ավելի քան 80%-ում ներդրվելու են ԱԲ կրթական մոդուլներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Իսրայելում մասնակցել է «EducAItion 2026» նախարարական համաժողովին, որը նվիրված էր արհեստական բանականության (ԱԲ) դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականության զարգացմանը:
Նախարարը նշել է, որ մինչև այս տասնամյակի ավարտը Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ, որոնք հնարավորություն կտան աշակերտներին դառնալ ոչ թե ԱԲ սպառողներ, այլ դրա ստեղծողներ:
Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ Հայաստանում արդեն գործում են փորձնական ԱԲ ծրագրեր՝ «ԱԲ սերունդ» ավագ դպրոցների ծրագիրը, STEP.AI, և «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը: Այս ծրագրերը նպաստում են աշակերտների մաթեմատիկական ու ծրագրավորման հմտությունների, ԱԲ գրագիտության, քննադատական մտածողության, թիմային աշխատանքի և նորարար խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը:
Նախարարը նաև ներկայացրել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը՝ գեներատիվ ԱԲ կրթական ծրագրի գործարկման ուղղությամբ, ընդգծելով, որ դա կնպաստի երիտասարդների շրջանում համապարփակ ԱԲ գրագիտության ձևավորմանը:
ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:
