Նախակրթարանի տարիքային շեմը կարող է իջեցվել մինչև 4 տարեկանը

Կրթության ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է նախակրթարանի տարիքային շեմը սահմանել 4-6 տարեկանների համար։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այն բնակավայրերում, որտեղ գործում է միայն մեկ նախադպրոցական հաստատություն, հնարավորություն կտրվի նախակրթարան հաճախել նաև 3 տարեկան երեխաներին։

Նախարարն ընդգծել է, որ փոփոխությունը նպատակ ունի ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը և ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր ընդգրկումը։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում են նաև փոփոխություններ կրթական հաստատությունների ղեկավարների հավաստագրման գործընթացում։ Մասնավորապես՝ առաջարկվում է միասնականացնել հավաստագրման պահանջները նախադպրոցական, հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտներում՝ սահմանելով ընդհանուր չափանիշներ և մոտեցումներ։

Նախատեսվում է համապատասխան օրենքներում հղում կատարել «Կրթության մասին» օրենքին, որով սահմանվում են հավաստագրման միասնական չափորոշիչները, ինչպես նաև մոտեցնել հավաստագրման քննությունների ընթացակարգերը։

Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի հանձնաժողովում և առաջին ընթերցմամբ ստացել դրական եզրակացություն։