
Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը պիտի վերապատրաստվի և ատեստավորվի
Կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Սրա մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը չեղյալ է համարվելու։
Կարգավորումը չի տարածվում նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների վրա։ Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը հանրակրթական դպրոցներում: Այն կսկսի գործել հաջորդ տարվանից:
Արդեն տեղեկացրել էինք, որ 2024 թվականին ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները։ Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այս տարի առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով էր կազմակերպվել։ Մասնակցության համար դիմել էր 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Անցողիկ շեմը չէր հաղթահարել 1162 ուսուցիչ։ 60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել էր 2250 ուսուցիչ։ Նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել էր 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չէին փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներից 124-ը մասնակցել էր կամավոր ատեստավորմանը։ Նրանք հաղթահարել էին անցողիկ շեմը։