
Հայտնի են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննությունները կանցկացվեն հունվարի 13-17 ընկած ժամանակահատվածում։
Հունվարի 13-ին կանցակցվի «Հայոց լեզու և հայ գրականություն», հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա», հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությունները։
Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունվարին հանձնել են և ցանկանում են պահպանել գնահատականը, պահպանում են այն։ Նրանք, ովքեր ցանկանում են գնահատականը բարձրացնել, հնարավորություն են ստանում միասնական քննության մասնակցել նաև հունիսին: Կամ, եթե ինչ-ինչ պատճառներով անբավարար գնահատական են ստացել, կարող են նորից հանձնել։