
8.8 մլրդ դրամ ուսուցիչների վարձատրության համար, բացված 540 նոր ՏՏ լաբորատորիաներ․ ԿԳՄՍ նախարարն ամփոփում է 2024-ը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ամփոփում է 2024 թվականին նախարարության կատարած աշխատանքները։ Ասուլիսի ընթացքում նախարարը խոսում է դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների բացման և ուսուցիչների վարձատրության ծրագրերի մասին։
Անդրեասյանը նշել է, որ գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրներ կան, որն էլ լաբորատորիաների ներդրման ծրագրով պետք է լուծեն: Նախորդ տարի նախարարությունը 540-ից ավելի դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ է բացել՝ նշելով, որ հանրապետության դպրոցների կեսն ունի հագեցած լաբորատորիաներ։
Անդրադառնալով ուսուցիչների վարձատրության ծրագրերի մասին, նախարարը նշեց, որ կան 5 տարբեր ծրագրեր։ Այդ ծրագրերի արդյունքում ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է միայն հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը: Սա հիմնականում կապված է կամավոր ատեստավորման արդյունքների հետ։
Նախորդ տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն իսկ ավելի քան 6100 ուսուցիչներ ունեն վարձատրության փոփոխություն, ինչը կազմում է ուսուցիչների շուրջ 20 տոկոսը: Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությամբ 300-400 հազար դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան1600 ուսուցիչ, 400 հազարից ավելի վարձատրություն է ստանում ավելի քան 500 ուսուցիչ։ Սա 2.5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։
ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների աշխատանքի գրավչության բարձրացման կարևոր ցուցանիշ է համարում նաև այն, որ դպրոցներում աշխատանքի անցնող ուսուցիչների 56.6 տոկոսը գյուղական դպրոցներում է դասավանդում: Այդ ուսուցիչների 16 տոկոսը տղամարդիկ են։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այս տարի առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով է կազմակերպվել։ Մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Շուրջ 5000 ուսուցչից 1000-ը կամավոր ատեստավորումը չեն կարողացել հանձնել։