ԿրթությունՀայաստան

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծման ծառայությունները կիրականացնի գերմանական ընկերությունը

Հայաստանի կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման երկու նախագիծ։ Նախագծով առաջարկվում է Առաջինով նախատեսում են Ակադեմիական քաղաքի հատակագծի նախագծման և համակարգման  ծառայությունները ձեռք բերել «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությունից։

Այդ ընկերությանը նախագծման աշխատանքները պատվիրակելու հիմնավորումն այն է, որ ընկերությունը ճարտարապետական նախագծման ոլորտում մեծ փորձ ու հեղինակություն ունի։

Երկրորդ նախագծով «Ակադեմիական քաղաք» գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները ձեռք կբերվեն «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ից։ Որոշման համար հիմք է ծառայել վերջինիս ներկայացրած գնային առաջարկն այլ առաջարկների համեմատությամբ ավելի ցածր լինելը։

Ընկերությունը իրականացրել է Գյումրիի Կումայրի պատմական թաղամասի գոտևորման (զոնավորման) և գլխավոր հատակագծի, Դիլիջանի Գետափնյա թաղամասի գոտևորման և գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծման աշխատանքները, Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի և համայնքային կենտրոնի նախագծման աշխատանքները։

Վճարումներն իրականացվելու են 2025 թվականի պետական բյուջեի ակադեմիական քաղաքի ստեղծման համար նախատեսված ֆինանսական միջոցներից։

Ակադեմիական քաղաքի կառուցման համար նախատեսված է 700 հեկտար` Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում: Ակադեմիական քաղաքում նախատեսվում է տեղակայել 8 պետական խոշորացված և 8 մասնավոր բուհ: Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: Այս տարածքում ծրագրվում է կառուցել նաև Ազգային մարզադաշտ` 35,000 հանդիսատեսի համար: Ակադեմիական քաղաքը Երևանին կապվելու է երկաթգծով:

Քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է ավարտել 2025-ին, կառուցումը մինչև 2030 թվականը: