ԿրթությունՀայաստան

Տարակարգի համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը կպարզեցվի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով պարզեցվում է ուսուցիչների տարակարգի ստացման գործընթացը։ Փոփոխությունների շրջանակում կրճատվել է պահանջվող փաստաթղթերի ցանկը, և ամբողջ գործընթացն առաջիկայում կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։

Ըստ որոշման՝ հունիս-սեպտեմբեր ամիսներին տարակարգի համար դիմող ուսուցիչները պետք է ներկայացնեն մայիս ամսվա ընթացքում կազմված դասի պլանները։ Առաջարկվում է առաջին աստիճանի տարակարգ շնորհել 80-89% մասնագիտական արդյունք ապահովելու դեպքում, իսկ երկրորդ աստիճանի՝ 90-100% արդյունքի դեպքում։

Բացի այդ, սահմանվել է հստակ ժամկետ հանրապետական հանձնաժողովի որոշման բողոքարկման համար՝ որոշման մասին տեղեկացվելուց հետո 5 աշխատանքային օր։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ամենաբարձր կրթական արդյունքները գրանցում են 10-20 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները։ Միաժամանակ, մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների արդյունքները զգալիորեն ցածր են, ինչը վկայում է սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման անհրաժեշտության մասին։ Հատկանշական է նաև, որ ուսուցիչների 46%-ը 50 տարեկանից բարձր է, ինչը նշանակում է, որ առաջիկա տասնամյակում անհրաժեշտ կլինի ուսուցչական կազմի լուրջ վերափոխում։