ԿրթությունՀայաստան

Մարզերի դպրոցներում լողի անվճար պարապմունքների խմբերը կավելանան

Մարզերի դպրոցներում լողի անվճար պարապմունքների խմբերը կավելանան։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել առաջարկին։ Նախկինում եղած մեկ խմբի փոխարեն կլինեն երեք խմբեր։ Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ. 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային խմբերում պարապողների առավելագույն քանակը պետք է լինի 12, իսկ 2-րդում՝ 10:  

Խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր: Յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:  Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ, մարզումների իրականացման ժամանակահատվածը կսահմանվի լողավազանի կողմից:

2024 թվականին հայտարարվել էր մրցույթ։ Մրցույթի հաղթող էր դարձել Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը։ Առաջիկայում դրամաշնորհային մրցույթներ կհայտարարվեն Հայաստանի մյուս մարզերում։ Պարապմունքների մարզիչ կարող է լինել առնվազն 3 տարվա մարզչական ստաժ ունեցող և Լողի հայկական դաշնության ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համատեղ վերապատրաստման դասընթացներն անցած անձը։

ԿԳՄՍ-ն նշում է նաև, որ մարզադպրոցների կանվանակոչվեն Օլիմպիական խաղերի կամ աշխարհի առաջնությունների չեմպիոնների անուններով՝ որպես նրանց աշխատանքի գնահատական։