ԿրթությունՀայաստան

Դասագրքերի ձեռքբերման համար պետությունը կփոխհատուցի 3000 դրամ

Հայաստանի Կառավարությունը ընդլայնել է կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորությունները։ Նոր փոփոխություններով՝ այս տարվանից փոխհատուցման իրավունք կունենան միայն անկանխիկ վճարումները։ Սրա նպատակը էլեկտրոնային վճարումներ իրականացնելը խրախուսելն է։ Նորությունը վերաբերում է նաև դպրոցական դասագրքերին․ 5-12-րդ դասարանների աշակերտների՝ դասագրքերի ձեռքբերման համար պետությունը կփոխհատուցի 3000 դրամ։

Ըստ նոր փոփոխությունների՝ ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ կրթական ծրագրերին մասնակցելու դեպքում հնարավոր կլինի օգտվել սոցիալական ծախսի վերադարձի աջակցությունից։

Փոխհատուցման ծրագիրը ներառում է համալսարանները ու մասնագիտական ուսումնական հաստատությունները, մասնավոր դպրոցներն ու մանկապարտեզները։ Սակայն այս տարի ավելացել է նաև արտադպրոցական կրթության բաղադրիչը։ Սա նշանակում է, որ արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և այլ հաստատություններում սովորող երեխաների ծնողները նույնպես կարող են դիմել փոխհատուցման համար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ներկայումս Հայաստանում գործում է 142 մարզադպրոց։ Այնտեղ սովորում է 37,000 երեխա, ինչպես նաև 238 արվեստի ուղղվածության դպրոց կամ կենտրոն, որտեղ ներգրավված է 55,000 երեխա։

Այս նախաձեռնությունը կարևոր է հատկապես այն ընտանիքների համար, որոնք դժվարանում են վճարել իրենց երեխաների արտադպրոցական կրթության համար։ Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են ընդգրկվել այս ծրագրում, պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարություն և ստանան երաշխավորում։ Սա հնարավորություն կտա ծնողներին վստահ լինել, որ իրենց երեխաներն ստանում են որակյալ կրթություն, իսկ վճարված գումարները կարող են փոխհատուցվել։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը։ Նրանք, ովքեր մասնակցում են նմանատիպ ծրագրերի, նույնպես կարող են օգտվել փոխհատուցումից, եթե տվյալ ծրագիրը պաշտոնապես երաշխավորված է։ Շուտով ԿԳՄՍ նախարարության կայքում կհայտնվի հատուկ բաժին, որտեղ քաղաքացիները կարող են ստուգել երաշխավորված կազմակերպությունների ցանկը։