
Նոր նախաձեռնություն՝ ուսանողներին գործատուներին կապելու համար
Օրենքի նախագիծ կառաջարկվի, ըստ որի կստեղծվեն դուալ ուսուցման կազմակերպման կառույցներ և ոլորտային կառույցներ, որոնք պիտի աշխատեն կրթական ձևերը տարածելու և զարգացնելու ուղղությամբ։ Այն ունենալու է նաև հոգաբարձուների խորհուրդ, որում ընդգրկված կլինեն տարբեր գերատեսչությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Իսկ ի՞նչ է դուալ կրթությունը։ Այն ուսուցման համակարգ է, որտեղ համադրվում են թե՛ ակադեմիական կրթությունը, թե՛ գործնական փորձը: Այսինքն՝ ուսանողները տեսական դասերի հետ մեկտեղ սովորում են նաև գործնականում կիրառել դրանք։
Նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո այն շրջանառության մեջ կդրվի։ Գործընթացն իրականցվելու է փուլային տարբերակով՝ ընդլայնելով մասնագիտությունների ցանկը, ներգրավելով ավելի շատ գործատուներ։ Այս տարի շեշտը դրվելու է թեթև արդյունաբերության վրա։
Ինչպես գիտեք, մենք միջազգային մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ փորձնական ծրագիր իրականացրել ենք ու շարունակելու ենք։ Արդյունքները բավական դրական են աշխատանքի տեղավորման տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ, շրջանավարտների 50 տոկոսից ավելին աշխատանքի է տեղավորվում։ Զգալի մասն աշխատանքի է ընդունվում հենց այն գործատուների մոտ, որտեղ իր դասընթացն անցել է։ Հաջողությունները տեսնելով՝ մտադիր ենք ծրագիրն ընդլայնել, — ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը։
Աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագիրն իրականացվել է մի շարք ուղղություններով՝ գինեգործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, խոհարարություն, գյուղատնտեսություն։ Մեծ պահանջարկ են հիմա վայելում կարի, շինարարության, ՏՏ ոլորտի և այլ ուղղությունների մասնագետները։
Ընթացիկ տարում նախատեսվում է նաև նկատելի աշխատանք կատարել միջին մասնագիտական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ։