ԿրթությունՀայաստան

Ուսանողները հնարավորություն կունենան միաժամանակ սովորել և աշխատել

Կներդրվի կրթության նոր համակարգ։ Դրա միջոցով ուսանողները հնարավորություն կունենան միաժամանակ սովորել և աշխատել։ Սովորելու և աշխատելու գործընթացը համատեղելու է գործատուն։

Նոր օրենքը, ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, պետք է ապահովի սովորողների առողջությունն ու անվտանգության կանոնները։ Նոր համակարգը նախարարը կարևորում է, քանի որ այն նպաստում է ուսանողներին ձեռք բերել անհրաժեշտ գործնական հմտություններ։

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս դուալ կրթություն իրականացվում է 21 ուսումնական հաստատությունում՝ 27 մասնագիտությամբ, և այդ ցանկը շարունակաբար ընդլայնվում է։ Նրա խոսքով՝ մասնագիտական կրթության գրավչությունը աստիճանաբար աճում է, ինչի վկայությունն այն է, որ 2023-2024 ուսումնական տարում 9-րդ դասարանի շրջանավարտների մոտ 30 տոկոսը նախընտրել է ուսումը շարունակել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում։