
Հեծանիվով երթևեկելու դեպքում ուսանողներն ու բուհերում աշխատողները աջակցություն կստանան
Հայաստանի կառավարությունը նպատակ ունի աջակցել քոլեջներում և բուհերում սովորողներին ու աշխատողներին, եթե նրանք նախընտրեն հեծանիվով գնալ աշխատանքի կամ դասի։
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ֆիզիկական ակտիվության ցուցանիշները ցածր են. ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը համապատասխանաբար 10,4% և 22,3% է: Այդ համատեքստում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի տվյալներով, ծրագրի հնարավոր շահառուները կդառնան ԲՈւՀ-երի, քոլեջների և ուսումնարանների 120․486 ուսանողներ ու 20․610 դասախոսներ։
Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի շրջանակում կատարված հարցումները ցույց են տվել, որ ներկայում ուսանողների և դասախոսների միայն 0,3%-ն է տեղաշարժվում հեծանիվով, մինչդեռ 3,2%-ը կցանկանար օգտվել դրանից։ Կառավարությունը նախատեսում է տրամադրել օժանդակություն՝ խրախուսելու հեծանիվների օգտագործումը, ենթակառուցվածքների ձևավորումը և հեծանվային փոխադրամիջոցների մատչելիությունը։
Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին աջակցել 500 շահառուի, 2026-ին՝ 1000, 2027-ին՝ 1500: 2025-2030 թվականներին ծրագրի համար կպահանջվի 248,7 մլն դրամ, որից 11,3 մլն դրամը կտրամադրվի 2025-ի ԿԳՄՍՆ բյուջեից կամ կառավարության պահուստային ֆոնդից, իսկ մնացած գումարը կհատկացվի համապատասխան տարվա պետական բյուջեով։
Կառավարության համոզմամբ, պատշաճ ենթակառուցվածքների ստեղծման դեպքում հեծանիվով տեղաշարժվողների թիվը կտրուկ կաճի՝ խթանելով առողջ ապրելակերպը և թեթևացնելով երթևեկությունը։