
Գեղարքունիքի մարզի մի քանի դպրոցների շենքային պայմանները կբարելավվեն
ՀՀ կառավարության որոշմամբ լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել ԿԳՄՍ նախարարությանը՝ հանրապետության մարզերի մի շարք դպրոցների շենքային պայմանների բարելավման համար։ Գեղարքունիքի մարզում ծրագրում ընդգրկված են Սարուխանի թիվ 2, Նորատուսի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Վարդաձորի, Ձորագյուղի, Ծովագյուղի, Ծակքարի և Ակունքի միջնակարգ դպրոցները։ Այս դպրոցների դեպքում հատկացված միջոցները կօգտագործվեն նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։
Բացի այդ, 1 միլիոն 328 հազար դրամ է հատկացվել Վաղաշենի միջնակարգ դպրոցին՝ նորոգման աշխատանքների ընթացքն ապահովելու համար։ Վաղաշենի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի նոյեմբերի վերջին։
Ծրագրով նախատեսվում է վերանորոգել դպրոցի հատակը, տանիքը, սանհանգույցները, կոյուղագիծը, ջրամատակարարման ներքին ցանցը, տեղադրել նոր դռներ, կատարել պատերի ներքին ու արտաքին հարդարում և մարզադահլիճի ջերմամեկուսացում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 240 օրվա ընթացքում։