ԿրթությունՀայաստան

Մանկապատանեկան մարզադպրոցները կարող են անվանակոչվել Հայաստանում ճանաչված մարզիկների անուններով

Հայաստանում նախատեսվում է մարզադպրոցները անվանակոչել հանրահայտ մարզիկների անուններով, ովքեր հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներում՝ հատկապես օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Հասմիկ Ավագյանը պարզաբանել է, որ գործող «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որը թույլ կտա ԿԳՄՍ նախարարությանը սահմանել մարզադպրոցների անվանակոչության կարգը։ Այս կապակցությամբ, առաջարկվում է նոր փոփոխություն՝ մարզադպրոցների անվանակոչումը իրականացնել այն մարզիկների անուններով, որոնք ունեցել են բացառիկ նվաճումներ սպորտում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ «անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը»։

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և կշարունակի քննարկվել Ազգային ժողովում։

Նշենք, որ Հայաստանում շուրջ 200 մարզադպրոց է գործում։ Վերջին տարիներին կառուցված մարզադպրոցների մի մասը անվականոչվել է հենց վերը նշված տարբերակով։ Մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում է ավարտին հասցնել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի աշխատանքները, կառուցվել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը», «Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան», «Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի» և այլ մարզադպրոցներ։