
Գորիսում գործող երկու քոլեջները կմիավորվեն
«Գորիսի պետական քոլեջը» և «Գորիսի պրոֆեսոր Խաչատուր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը» միավորվում են՝ ստեղծելով «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ»։ Նոր քոլեջը գործելու է գյուղատնտեսական քոլեջի շենքում, որը արդեն իսկ վերանորոգվում է։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ներկայումս այս երկու քոլեջներում սովորում են շուրջ 600 ուսանող։ Ընդ որում՝ «Գորիսի պետական քոլեջում» սովորում է 302, իսկ «Պրոֆեսոր Խաչատուր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում»՝ 291 ուսանող։
Պետական քոլեջում ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու հետևյալ մասնագիտություններից մեկը՝ «Նախադպրոցական կրթություն», «Հաշվողական տեխնիկայի և ավոտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Պարի ուսուցում», իսկ արհեստագործական կրթական ծրագրով. «Խոհարարական գործ», «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» և «Լուսանկարչական գործ»։
«Պրոֆեսոր Խաչատուր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում» սովորում են «Անասնաբուժություն», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Մենեջմենթ (Կառավարում)», «Հաշվապահական հաշվառում» և «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», իսկ արհեստագործական կրթական ծրագրով. «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում»:
Ինչպես տեսնում ենք, երկու քոլեջների կրթական ծրագրերը տարբերվում են։ Չկա մասնագիտություն, որը կկրկնվի երկու քոլեջներում։ Սակայն նախագծի հիմնավորման մեջ նախարարությունից նշում են, որ բացի այն, որ կպահպանվեն վերը նշված մասնագիտությունները, կներդրվեն նաև նոր մասնագիտություններ։