
Ի՞նչ է տեղի ունեցել Էրեբունի բժշկական ակադեմիայում․ ինչպե՞ս է խնդիրը լուծվել
Էրեբունու բժշկական ակադեմիայում շուրջ 1 շաբաթ առաջ իրավիճակը սրվել էր։ Ակադեմիայի ռեկտորը փորձել էր աշակերտներին հեռացնել ակադեմիայից։ Դեպքին միջամտել էին նաև աշակերտների ծնողները՝ փորձելով կանխարգելել իրենց երեխաների հեռացումը։
Մեր տվյալներով՝ ուսանողներին հայտարարել են, որ ընթացիկ քննություններ են լինելու, բայց չեն նշել, որ դրանք կարևոր են ավարտական քննությունների համար։
Մեզ ասում են դուք ստուգարքները փակում եք թեստային քննության տեսքով, բայց չեն զգուշացնում, որ եթե 3 լուծարքի չներկայանանք, կամ 3-ից ավել լուծարք մնանք, հեռացվելու ենք։ Մեզ դրա մասին չեն զգուշացնում։ Կուրսում երեխա կար, որ բուժման համար երկրից դուրս էր գնացել, ինքը թուղթ բերեց, իրեն թողեցին մասնակցի լուծարքին։ Ոորոշները գործեր ունեին, որոշներն էլ չէին եկել, ականջի հետև էին գցել։
Ուսանողները մտել են պրոռեկտորի սենյակ, գաղտնի ձայնագրել նրա հետ խոսակցությունը, որից հետո պրոռեկտորը ինքն էր ուսանողներին սպառնացել այդ ձայնագրությունները հանձնել պատկան մարմիններին։
Երեխեքի մեղավորությունն էլ կա, ես մենակ ակադեմիային չեմ մեղադրում։ Բայց շատ բաներ կան, որ մեր ստորագրած կանոնադրության մեջ չկա։ Օրինակ՝ լիկվիդների մասով ոչ մի բան չկա գրած։ Ուղղակի երեխաների կռիվն էն էր, թե ինչի իրենց չեն զգուշացրել, որ 3 լիկվիդից հետո իրենց միանգամից հեռացնելու են ակադեմիայից՝ առանց վերահանձնման թույլտվության։ Ծնողներն էլ բողոքում էին, թե ինչի են մենակ իրենց երեխաներին զգուշացրել, բայց իրենց չեն ասել, որ քայլեր ձեռնարկեին, — նշում է զրուցակիցս։
Այնուամենայնիվ՝ հիմա արդեն իրավիճակը Էրեբունի բժշկական ակադեմիայում խաղաղվել է։ Աշակերտները իրենց ծնողների հետ դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, թույլտվություն ստացել, ու վերահանձնել քննությունները՝ համալսարանից դուրս չմնալու համար։
Հայաստանում մի շարք ուսանողներ բախվում են նմանատիպ խնդիրների, քանի որ ստիպված են աշխատել և վճարել ուսման վարձերը։ Ուսման արժեքը Հայաստանում տատանվում է 300 հազարից մինչև 2 միլիոնի սահմաններում։ Բացի այդ վարձավճարից, ուսանողները աշխատում են նաև տարրական կենցաղային պայմաններում ապրելու համար։ Այսինքն՝ Հայաստանում ուսանողները աշխատում են, որպեսզի սովորեն ու սովորում են, որպեսզի հետագայում կարողանան աշխատել։ Իսկ թե ինչքանով է օգտակար աշխատել-սովորել մեթոդը, ցույց կտան մի քանի տարի հետո ոլորտում հայտնված մասնագետները։