
Փոփոխություններ են առաջարկվում նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ։ Դրանով առաջարկվում են փոփոխություններ նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման պահանջներում։
Առաջին կարևոր փոփոխությունն այն է, որ այսուհետ հնարավոր կլինի նման հաստատություններ բացել ոչ միայն հասարակական, այլև բնակելի տարածքներում։ Նախարարությունը պարզաբանել է, որ ներկայում բազմաթիվ նախադպրոցական կենտրոններ գործում են բնակելի շենքերում, ու գործող կարգը խոչընդոտում է նրանց լիցենզավորում ստանալուն։
Մյուս առաջարկվող փոփոխությունը վերաբերում է աշխատակազմին։ Մինչ այժմ պահանջվում էր, որ մանկավարժների առնվազն 80 տոկոսը հիմնական աշխատողներ լինեն։ Նոր նախագծով այդ շեմը կնվազի մինչև 50 տոկոս։ Պատճառն այն է, որ շատ մասնագետներ միաժամանակ աշխատում են մի քանի տեղում, իսկ որոշ կենտրոններ ծառայություն են մատուցում օրական ընդամենը մի քանի ժամով։
Նախարարությունը կարծում է, որ այս փոփոխությունները կդյուրացնեն ոչ պետական կենտրոնների լիցենզավորումը՝ ապահովելով պետության հսկողությունը և երեխաների անվտանգության նվազագույն պահանջների պահպանումը։