ԿրթությունՀայաստան

Հայաստանը 4 մեդալ է նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային 19-րդ օլիմպիադայում (APIO)։ Այն անցկացվել է առցանց ձևաչափով։

Արծաթե մեդալակիր է դարձել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը։ Բրոնզե մեդալներ են նվաճել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը, ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանցի Մարտին Խաչատրյանը և 10-րդ դասարանցի Տիգրան Մացակյանը։

Հայաստանի մասնակցությունն ապահովել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Թիմը ղեկավարել են նույն ֆակուլտետի ներկայացուցիչներ Արմեն և Սամվել Անդրեասյանները։

Մրցույթին այս տարի մասնակցել է ավելի քան 860 աշակերտ՝ 36 երկրից։ Նշենք, որ նախորդ՝ 18-րդ օլիմպիադայում Հայաստանը նվաճել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։