ԺամանցՀայաստան

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը և Խաղողօրհնեքը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ «Վերափոխում» նշանակում է ոչ թե մահ, այլ անցում դեպի հավիտենական կյանք՝ Աստծո մոտ։ Ըստ ավանդության՝ առաքյալները ականատես են եղել, թե ինչպես Քրիստոս ընդունեց Սուրբ Կույսի հոգին և նրան լուսավոր փառքով բարձրացրեց երկինք։

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը բերվել է Հայաստան Բարդուղիմեոս առաքյալի միջոցով, և նրա անունով կառուցվել են եկեղեցիներ ու վանքեր, որոնք դարերի ընթացքում դարձել են ուխտավայրեր։

Վերափոխման տոնի անբաժան մասն է նաև Խաղողօրհնեքի արարողությունը։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում օրհնվում է տարվա առաջին խաղողը, որը խորհրդանշում է նաև ամբողջ բերքի օրհնությունը։ Ըստ եկեղեցական կանոնի՝ խաղող ճաշակել կարելի է միայն օրհնությունից հետո։

Խաղողը հատուկ տեղ ունի ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական ծեսերում․ այն նախաքրիստոնեական Հայաստանում օրհնում էին արքան կամ քրմապետը, իսկ քրիստոնեության ընդունումից հետո այն ստացավ նոր՝ խորհրդաբանական բովանդակություն։ Տերը խաղողը բարձրացրեց ամեն ծառից վեր՝ Իրեն կոչելով «ճշմարիտ որթատունկ»։ Օրհնված խաղողից պատրաստվող գինին պահում են մինչև հաջորդ տարվա տոնը՝ որպես առատության ու բարեկեցության նշան։

Այսպիսով, Վերափոխման տոնը հայ հավատացյալների համար համադրվում է երկնային և երկրային օրհնության խորհրդի հետ՝ միավորելով Աստվածածնի հիշատակը և բերքի նվիրումը Աստծուն։