ԺամանցՀայաստան

Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է

Երկարատև դադարից հետո Վայոց ձորում վերագործարվել է Ջերմուկի ճոպանուղին։ Մեզ հետ զրույցում «Ջերմուկի ճոպանուղի» հանգստի համալիրից ասացին, որ գները չեն փոխվի։ 1 ուղևորության արժեքը կմնա 1500 դրամ։

2022 թվականին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի սեպտեմբերյան հրետակոծությունից հետո Ջերմուկի ճոպանուղին շարունակել է աշխատել ևս 3 ամիս։ Դրանից հետո՝ մարտին կատարված տեխնիկական ստուգումների ժամանակ հայտնի է դարձել, որ գլխավոր ճոպանը վնասվել է։ Արդեն շուրջ 2 տարի է, ինչ ճոպանուղին չի աշխատում։

Վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 27 միլիոն դրամ դրամաշնորհ։

Ճոպանուղին կառուցվել է քաղաքի սկզբնամասում 2007 թվականին ավստրիական «Leitner» կազմակերպության կողմից։ Ճոպանուղու երկարությունը 1000 մ է։ Այն ունի 2 սահուղի՝ 1450 և 1550 մետր երկարություններով և սպասարկում է տարեկան շուրջ 25 հազարից 30 հազար այցելուների։