ԺամանցՀայաստան

Երևանի կենդանաբանական այգում նոր ազատավանդակներ են կառուցվել

Երևանի կենդանաբանական այգում նոր փոփոխություններ են իրականացրել՝ ամառը տեղացիներին և զբոսաշրջիկներին նորովի ներկայանալու համար։ Դրա համար այգին շուտով նոր լոգո կունենա։

Այգուց տեղեկացնում են, որ շուտով սպիտակ վագր Ալբանը կունենա նոր ազատավանդակ, գետաձի Թայֆուի տարածքը և լողավազանը դարձել են ավելի հարմարավետ, իսկ ազնվացեղ եղջերուները կտեղափոխվեն զեբրերի նախկին տարածք։ Ավարտին է մոտենում բորենիանման շների նոր ազատավանդակի և ձմեռանոցի կառուցումը։

Սակայն հարկ է նշել, որ այստեղ ոչ մի խոսք չկա «Բունկա» փղի ազատավանդակի մասին։ Դեռևս 2022 թվականին կենդանաբանական այգին հայտարարել էր, որ 2023 թվականին կկառուցեն ազատավանդակ և Բունկա փղի համար զուգընկեր կբերեն։ Խոսակցությունները շարունակվել էին նաև 2024 թվականին։ 2025 թվականին փիղը նոր կացարան պիտի ունենա։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այգում կառուցվել են նոր ճեմուղիներ, թռչնանոց, փայտե և երկաթյա կառույցներ։ Վերանորոգվել է հանրային զուգարանը։

Ներկայումս կենդանաբանական այգում կան հետևյալ բաժինները՝ գիշատիչներ, թռչուններ, սմբակավորներ, պրիմատներ, ակվատերարիում: 2022 թվականի հուլիսի վերջի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում կա 126 կենդանատեսակ՝ 707 գլխաքանակ: