ԺամանցՀայաստան

Երեք գորշ արջ տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տասնյակ տարիներ անազատության մեջ պահված երեք գորշ արջ վերջապես ազատվել է։ Միայն դատարանի որոշմամբ ձեռք բերված թույլտվության և ժամեր տևած բանակցություններից հետո պատկան մարմինները կարողացել են մուտք գործել տարածք։

Նախնական զննությամբ պարզվել է, որ արու արջը չափազանց ճարպակալած է (250-300 կգ) և ատամների մեծ մասը կոտրված ու վնասված է։ Մյուս երկու առանձնյակներն էգեր են, որոնցից մեկը ծնվել է հենց այդ նույն նեղ ու կեղտոտ վանդակում, որտեղ էլ ապրել է ողջ կյանքում։ Նշենք, որ գործ արջերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Այժմ արջերը տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ կստանան մասնագիտական խնամք և բուժօգնություն։  Արու առանձնյակի համար պլանավորվում է հատուկ ատամնաբուժական վիրահատություն՝ նրան ցավերից ազատելու և ուտելու կարողությունը հնարավորինս վերականգնելու նպատակով։ 

Խնդրի մասին քաղաքացիները ահազանգել էին դեռևս 2019 թվականից։ Կենդանիները վտանգ էին ներկայացնում բնակելի թաղամասի համար, որտեղ էլ դպրոցներ ու մանկապարտեզներ կային։

Աշխատանքներին մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներկայացուցիչները, Ներքին գործերի նախարարության փրկարարները, ոստիկանները, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները և կենդանասերները։