
Ապրիլի 26-ին Հայաստանում կնշեն Քաղաքացու օրը
Հայաստանում այսօր՝ ապրիլի 26-ին տոնելու են Քաղաքացու օրը։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Երևանի 12 վարչական շրջաններում և մարզերի 79 բնակավայրում նախատեսված են տարբեր միջոցառումներ՝ քննարկումներից մինչև բացօթյա համերգներ և ֆլեշմոբեր:
Տոնական օրվա շրջանակում ողջ երկրով մեկ անցկացվելու են հանրային քննարկումներ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով։ Պետական և համայնքային մարմինների ներկայացուցիչներ, գիտության, մշակույթի ու տեխնոլոգիաների ոլորտի գործիչներ հանդիպելու են քաղաքացիների հետ՝ պատմելու իրենց փորձի մասին և քննարկելու պետության զարգացման գործում յուրաքանչյուր քաղաքացու դերը:
Մշակութային ծրագրեր նույնպես կլինեն։ Երևանի Հյուսիսային պողոտայում և Հայաստանի 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Ապարանում կազմակերպվելու են բացօթյա միջոցառումներ, որտեղ ելույթ են ունենալու արվեստի դպրոցների սաներ, տեղական խմբեր և հայտնի երաժիշտներ։ Ապարանում միջոցառումները կմեկնարկեն ժամը 11:30-ին, իսկ Երևանում՝ ժամը 16:00-ին:
Օրվա խորհուրդն ակտիվորեն տարածելու նպատակով դպրոցականներն արդեն իրականացնում են համայնքների հիմնախնդիրների ուսումնասիրություններ և ներկայացնելու են իրենց նախագծերը՝ սեփական առաջարկություններով։ Ապրիլի 26-ին նրանք կկիսվեն իրենց աշխատանքներով դպրոցների ֆեյսբուքյան էջերում։
Երիտասարդների համար նախատեսված են նաև հանդիպում-քննարկումներ Իջևանում, Դիլիջանում, Մեղրիում, Ծովագյուղում և Արարատում գործող երիտասարդական կենտրոններում։