
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի նաև Սիսիանում
Հունիսի 26-ից 30-ը կկայանա Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս տարի միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Սիսիանում։
Փառատոնի բացումը նախատեսված է հունիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, Սիսիանի մշակույթի կենտրոնում։ Մեկնարկին կցուցադրվի Կաննի 77-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթող «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմը (Խորվաթիա, ռեժ.՝ Նեբոյշա Սլիժեպչևիչ)։
Սիսիանում փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 28-ը։ Այս ընթացքում կկայանա նաև «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» ծրագրի փակման արարողությունը, որի շրջանակում Սիսիանի պատանիները կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ են ստացել և ստեղծել են ավարտական ֆիլմ՝ արհեստական բանականության միջոցով։
Հունիսի 29-ին փառատոնը կտեղափոխվի Երևան․ կինոդիտումները կանցկացվեն Հայաստանի կինոգործիչների միությունում և Երևանի մանկական զբոսայգու ամֆիթատրոնում։ Փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան հունիսի 30-ին՝ նույն վայրում։
Փառատոնի բոլոր միջոցառումներին մուտքն ազատ է։ Դիտելու համար հասանելի կլինեն միջազգային մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմեր։ Ծրագրում ներառված են նաև վարպետության դասեր, քննարկումներ, ստեղծագործական հանդիպումներ և ոլորտային փորձի փոխանակում։