ԱրցախԺամանց

«Կարոտս այստեղ է ապրում». արցախցի Նելսոն Ավանեսյանը՝ իր կյանքի վերապրման մասին։

Գիշի գյուղի պատմությունից հետո կապս պարոն Նելսոնի հետ չընդհատվեց։ Չէր էլ կարող։ Նրա պարզության, համեստության, լռության մեջ մի տեսակ անտեսանելի ուժ կար՝ շատ ավելի ներկա և խորը, քան բարձրաձայն խոսքերը։ Որոշեցի նորից տեսնել նրան՝ այս անգամ Արարատի Մարզի Մարմարաշեն համայնքում։

Նրա տունը՝ մի փոքրիկ տնակ՝ դաշտերի մեջտեղում։ Ոչ ճոխություն, ոչ աղմուկ։ Միայն կանաչ տարածք, և այդ տարածքում մի մարդ՝ ով աշխատում է լուռ, ապրում է սիրով։

Արևից տաքացած հողը ծածկված էր եգիպտացորենի ցողուններով, ձմերուկի վազերով։ Այս դաշտում պարոն Նելսոնը մշակում է բանջարաբոստանային մշակաբույսեր։ Մենք նոր էինք նստել, երբ նա, անհամբեր ժպիտով ասաց․
– Գնա՞նք, ցույց տամ հողատարածքը, ձմերուկները, եգիպտացորենը։

Այդ պահերին թվում էր՝ բույսերն էլ էին լսում նրան։ Նույն սիրով էր խոսում իր տնկածի մասին, ինչպես տարիներ առաջ՝ երբ գրում էր գյուղի կյանքի մասին «Աշխատանք» ու «Ամարաս» թերթերում։ Նույն լեզվով, նույն խանդավառությամբ։

Նա բողոքող մարդկանցից չէ։ Նա այն մարդկանցից է, ում ցավը չի խանգարում արարել։ Նրա համեստությունը դաշտում աշխատելիս, նրա լռությունը շատ ավելի խոսուն են, քան ոմանց պատմություններն ու գրածները։ Այդ աշխատանքը, որը նախաձեռնել էր մի քանի ամսում, նրա համար պարտականություն չէր, այլ խաղաղության ձև, ինքն իր հետ ու հողի հետ հաշտվելու ձև։

Երբ արևն իջնում էր դեպի հորիզոն, մենք վերադառնում էինք տնակի կողմ՝ ողջ ընթացքում ուշադիր լսելով ամեն բույսի առանձնահատկությունները։ Գիտեի՝ սա վերջը չէ։ Պարոն Նելսոնը այն մարդկանցից է, ում ուզում ես նորից տեսնել։ Ոչ միայն նյութ գրելու համար, այլ պարզապես՝ նրա կողքին նստելու, նրա լռությունից մի փոքր մաս վերցնելու։

Պարոն Նելսոնի պատմությունը խոսում է ոչ միայն բռնի տեղահանված մարդու համառության, այլ հողի հանդեպ երբեք չմարած սիրո մասին։ Այդ սերը ձևավորվել էր դեռ մանկությունից՝ գյուղական մթնոլորտում, աշխատանքային դաստիարակության մեջ, կոլտնտեսական տարիների համատեղ հուշերում։ Այժմ այդ ամենն ամփոփվել է դաշտի մեջտեղում կանգնած տնակի շուրջ՝ պարզ, բայց հստակ մի բանով. մարդը կրկին իր հողում է։

Սեդա Մարտոյան