ԺամանցՀայաստան

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը՝ 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Ըստ այդմ՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը կփակվի։ Նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսում է հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը կրճատել՝ 3-ից հասցնելով 2–ի։ Այժմ հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը» (հիմնական հեռարձակող), հոգևոր–մշակութային «Շողակաթը» և «Լուրեր» լրատվական ալիքը։ Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է հանել «Շողակաթ» ալիքը հանրային հեռարձակողների շարքից։

Լրագրողական մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի ժուռնալիստների միությունը, քննադատել են նախագծի ընդունումը և պահանջել դրա հետ կանչումը։ Նույն ժամանակ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ նախաձեռնությունը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև հայ ժողովրդի համար, քանի որ վերջինս զրկվում է կրթական և մշակութային հաղորդումներից։

«Շողակաթ»  հեռուստաընկերության պատմությունն սկսվում է 1995 թվականից, երբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի սենյակներից մեկում երեք հոգանոց աշխատակազմով   սկսեց  գործել թեմի  հեռուստաստուդիան:  Նախաձեռնողն ու հիմնադիրը   առաջնորդական փոխանորդն էր` Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը: 2011թվականի հունվարից Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը սկսեց հեռարձակել «Շողակաթ» ծրագիրը։ Այն ներառում է նաև պետության պատվերով ստեղծված կրթական, մշակութային և մանկական բովանդակությամբ հաղորդաշարեր, որոնք պատրաստվում են «Շողակաթ հեռուստաընկերությունում»։