ԺամանցՀայաստան

«Կյանք ու կռիվ» ֆիլմը հեռացված է պաշտոնական հարթակներից

2016-ի քառօրյա պատերազմից հետո նկարահանված «Կյանք ու կռիվ» ֆիլմը այլևս հասանելի չէ պաշտոնական հարթակներում: Թեման լայն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Առաջինը իր ֆեյսբուքյան էջում այդ մասին խոսել է օգտատեր Դավիթ Ղազարյանը։ «Կյանք ու կռիվ»-ը հիմնված է իրական պատմությունների վրա և ներկայացնում է մարդկանց ճակատագրերը պատերազմական օրերին։ Ֆիլմը նվիրված է Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին։

Ղազարյանի խոսքով՝ փորձել է վերադիտել ֆիլմը, սակայն այն բացակայել է ինչպես «Առաջին ալիք», այնպես էլ «Kinodaran» հարթակներից։

Amnews-ը փորձեց ճշտել այս ինֆորմացիայի հավաստիությունը։ Վերը նշված երկու կայքերում էլ ֆիլմը փնտրելիս նույն խնդրին հանդիպեցինք․ «ֆիլմը կայքում առկա չէ»։

Ֆիլմի անհետացման պատճառները պաշտոնական աղբյուրները դեռ չեն պարզաբանել։ Սոցիալական ցանցերում օգտատերերը քննարկում են հնարավոր պատճառները՝ ենթադրելով, որ դա կարող է կապված լինել ինչպես քաղաքական թեմաների, այնպես էլ իրավաբանական խնդիրների, տարածման պայմանագրերի ավարտի կամ տեխնիկական խնդիրների հետ։

Սակայն հարկ է նշել, որ ֆիլմում դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին։ Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը։ Ֆիլմում օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից։