ԺամանցՀայաստան

Դեկտեմբերին զբոսաշրջիկների թիվը ավելացել է․ ո՞ր երկրներից են ամենաշատը այցելում Հայաստան

2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 933 զբոսաշրջիկ։ Տվյալները հրապարակել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ ներկայացնելով տարվա վերջին ամսվա զբոսաշրջային հոսքերի ամփոփ վիճակագրությունը։

Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 130 148 մարդ։ Այսպիսով, դեկտեմբերին գրանցվել է այցելությունների զգալի աճ, ինչը վկայում է ձմեռային սեզոնին Հայաստանի նկատմամբ հետաքրքրության պահպանման մասին։

Ըստ կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)՝ ձևավորելով տարվա հիմնական զբոսաշրջային հոսքը։

Ներկայացված վիճակագրությունն ընդգրկում է նաև այցելությունների բաշխումը ՀՀ սահմանային անցման կետերով, ինչպես նաև զբոսաշրջային հոսքերի պատկերը՝ ըստ սեռի և տարիքային խմբերի, ինչը թույլ է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել Հայաստան այցելած զբոսաշրջիկների կառուցվածքի մասին։

Հայաստան այցելածների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես 35-44 տարեկանները։ Այլ երկրներից Հայաստան են եկել հիմնականում ինքնաթիռներով, որոնց գերակշիռ մասը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։ Ցամաքային ճանապարհով ամենաշատը Հայաստան են մուտք գործել Բավրայի անցակետով։