Նորաձևություն

Փետրվար ամսին ցերեկվա տևողությունը կաճի ավելի քան մեկ ժամով

Ավարտին է մոտենում ձմեռվա երկրորդ ամիսը, և վաղվանից սկսվում է ձմեռվա վերջին ամիսը՝ փետրվարը։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Կենտրոնի տեղեկացմամբ՝ 1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք փետրվարը գրանցվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է -0,7 °C, իսկ ամենացուրտը՝ 1972 թվականին՝ -11,1 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 93,0 մմ, իսկ ամենաչորը՝ 2014 թվականին՝ ընդամենը 8,1 մմ տեղումներով։

Փետրվարը տարվա ամենակարճ ամիսն է՝ 28 օրով, իսկ նահանջ տարիներին՝ 29 օրով։

Ըստ Հայհիդրոմետի՝ փետրվար ամսին մեր լայնություններում ցերեկվա տևողությունը աճում է ավելի քան մեկ ժամով, ինչը պայմանավորված է Արեգակի տեսանելի բարձրության աստիճանական բարձրացմամբ։

Մասնագետների գնահատմամբ՝ փետրվարին Արեգակի ջերմային ազդեցությունը դառնում է ավելի զգալի, թեև օդի ջերմաստիճանը հաճախ շարունակում է մնալ ցածր։ Այդ ժամանակահատվածում բնության մեջ նկատվում են կենսաբանական ակտիվության առաջին փոփոխությունները, իսկ եղանակը հաճախ բնութագրվում է սառնամանիքների և հանկարծակի հալոցքների հերթագայությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով