Արեգակի օղակաձև խավարումը Հայաստանից տեսանելի չի լինի

Վաղը՝ փետրվարի 17-ին, տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում: Այն երկնային ամենահետաքրքիր երևույթներից մեկն է, սակայն այն Հայաստանի տարածքից տեսանելի չի լինի։ Տեղեկությունը հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Օղակաձև խավարման դեպքում Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը, սակայն ամբողջությամբ չի փակում այն․ եզրերում մնում է նեղ լուսավոր օղակ, որը հաճախ անվանում են «հրե օղակ»։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ Լուսինը գտնվում է իր էլիպսաձև ուղեծրի ավելի հեռավոր հատվածում և դիտողին երևում է Արեգակից փոքր չափերով։

Երևանի ժամանակով խավարումը կսկսվի 13:56:26-ին, առավելագույն փուլին կհասնի 16:12:04-ին, իսկ կավարտվի 18:27:42-ին, բայց նշված փուլերը Հայաստանից դիտելի չեն լինելու։

Արեգակի խավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը անցնում է Երկրի և Արեգակի միջև՝ երկրային դիտորդի համար մասնակի կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը։ Կախված դիրքից և հեռավորությունից՝ հնարավոր են լրիվ, մասնակի կամ օղակաձև խավարումներ։