
Հայաստանը խոհարարական միջազգային մրցույթում 2-րդ տեղն է զբաղեցրել
Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։ Նա Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել «Գինու օրեր» միջոցառման շրջանակում Երևանում անցկացված «Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո։ Միջազգային խոշորագույն խոհարարական մրցույթին ընդառաջ Արսեն Արմենակյանի հետ նախապատրաստական մենթորության աշխատանքներն անցկացրել է հայտնի խոհարար Արբի Ղարախանին։ Միջազգային օլիմպիադայի առանձին փուլում մասնակից երկրները ներկայացնում են իրենց ազգային ուտեստները՝ նպաստելով մշակութային փոխանակմանը։
«Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ։ Մրցույթուն հաղթող է ճանաչվել անգլիացի խոհարար Քամրան Թեյլորը, իսկ ֆիլիպինցի Իվ Գաբրիել Կաբրերա Պոն դարձել է բրոնզե մեդալակիր: Միջազգային Երիտասարդ Խոհարարների Օլիմպիադան ամենամյա խոհարարական մրցույթ է, որը կազմակերպվում է Միջազգային Հյուրանոցային Կառավարման Ինստիտուտի (IIHM) և Լոնդոնի Միջազգային Հյուրընկալության Խորհրդի (IHC) կողմից։ Այս տարի 11-րդ օլիմպիադան տեղի ունեցավ 2025 թվականի փետրվարի 2-ից 8-ը։