ՀայաստանՍնունդ

Կասեցվել է «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է Արմավիրի Այգեկ համայնքում գործող «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը։

Ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված նորմերին։ Մասնավորապես, արտադրամասի կառուցվածքը և դասավորությունը չեն ապահովել մաքուր և աղտոտված հոսքերի խաչաձևումը բացառող հոսքայնության հնարավորությունը, տարածքը չի եղել ապահովված բնական կամ մեխանիկական օդափոխությամբ, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի արտադրական հատված։

Բացի այդ, աշխատակիցների համար նախատեսված ձեռքերի լվացարաններ չեն տեղադրված, ենթամթերքի նախապատրաստումն իրականացվել է ոչ առանձին տարածքներում, իսկ առկա սարքավորումները և գույքը չեն ապահովել մաքրման ու ախտահանման պատշաճ գործընթաց։

Ավելին, սարքավորումների, գործիքների և բեռնարկղերի մի մասը գտնվել է մաշված և ոչ մաքուր վիճակում՝ առանց պատշաճ ախտահանման։ Այս բոլոր խախտումների հիմքով թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված թերությունները վերացվեն։

Սեդա Մարտոյան